Ռոուհանին միջուկային գործարքը շահավետ է համարում դրա բոլոր մասնակիցների համար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն կարծիքին է, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը շահավետ է գործարքի բոլոր մասնակիցների համար՝ հակառակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի, որը քննադատում է այդ պայմանագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

«ԱՄՆ-ի նոր նախագահը կարդում է միջուկային համաձայնագրի տեքստը, բայց չի կարողանում այն ընդունել,– գործակալությունը մեջբերել է Ռոուհանիի խոսքը:- Նա ասում Է, որ դա վատթարագույն համաձայնագիրն Է պատմության մեջ»:

«Այդ համաձայնագիրն անպայման շահող է,– վստահ է Ռոուհանին:- Այն ձեռնտու է բոլորին: Միջուկային թեմայի շուրջ բանակցությունները կարող են որպես օրինակ օգտագործվել այլ բանակցությունների համար, որպեսզի ապահովվի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը կհրաժարվի նոր բանակցություններ վարել, եթե Թրամփի վարչակազմը ցանկանա փոխել գործարքի պայմանները: Զարիֆն այն կարծիքին է, որ համաձայնագրի կնքմանը մասնակցած եվրոպական երկրները նույնպես չեն համաձայն նոր բանակցություններ անցկացնելուն:

2015 թվականի ամռանը Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը»՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, համաձայնեցրել են այսպես կոչված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը: Այն նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ նրա դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում