ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև տարբեր ոլորտներում արդեն իսկ առկա բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ իրավական ոլորտում ևս համապատասխան կառույցների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ներուժ կա:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ևս կարևորել է Հայաստանի և Իրանի դատախազությունների և իրավապահ այլ կառույցների համագործակցությունը, հաշվի առնելով նաև հանգամանքը, որ երկու երկրների միջև անցագրային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն աճել է Հայաստանի և Իրանի քաղաքացիների փոխայցելությունների թիվը: Դեսպանը շատ արդյունավետ է գնահատել արդեն իսկ ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունների շրջանակում, հայ-իրանական սահմանին քաղաքացիներին այցելության երկրի օրենսդրությանը ծանոթացնելու գործընթացը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով իրավական փոխօգնությանը, դատապարտյալների հանձնմանը առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ավելի սերտորեն համագործակցել իրանական կողմի հետ՝ ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ՝ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար իրավական պատշաճ պաշտպանության կազմակերպման նպատակով: Երկուստեք նշվել է այս ուղղությամբ իրավապահ մարմինների հետևողական աշխատանքի կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ամրապնդել փոխադարձ համագործակցության կայուն հիմքերը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ԻԻՀ գլխավոր դատախազի հրավերը՝ այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին Իսլամական հեղափոխության 38-րդ տարեդարձի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:

Հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում