Վայքի, Եղեգնաձորի և Արտաշատի ավտոկայարանների տարածքներում լուրջ թերացումներ են հայտնաբերվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցը կատարեց, այս անգամ՝ Վայքի, Եղեգնաձորի և Արտաշատի ավտոկայարաններ:

Վայքի ավտոկայարանում առաջին հայացքից անմիջապես աչքի ընկավ սպիտակ համարանիշներով և «Երևան» ցուցանակով երթուղայինը, որն, ըստ ամենայնի, պատրաստվում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնել։

Երթուղայինի վարորդին չհաջողվեց գտնել։ Ավտոկայարանի պետը կամ երթակարգավարը նույնպես տարածքում չէին։ Դռները փակ էին։ Հպանցիկ հայացքից էլ հասկանալի էր, որ այն չի գործում։ Մուտքի մոտ կուտակված ձյան հաստ շերտն էլ փաստում էր, որ արդեն երկար ժամանակ այդպես է։

Քիչ անց վերադարձավ նաև իրեն «դիսպետչեր» ներկայացնող անձը՝ Արման անունով։

Թե ինչ գործ ունի ավտոկայարանի տարածքում սպիտակ համարանիշներով մեքենան, նրա պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր. «Կանգնեցրել ենք, որ ուղևորներն իմանան Երևան գնացող մեքենա կա, սպասեն , մինչև դեղին համարներով երթուղայինը կմոտենա։ Ավտոկայարանի դռներն էլ փակ են, քանի որ վերանորոգման աշխատանքներ են սկսել»։

Եղեգնաձորի ավտոկայարանի շենքի դռները բաց էին։ Ներսում եղած միակ դռան վրա էլ գրված էր՝ ոսկերիչ։ Պարզվեց ոսկերիչը հենց ավտոկայարանի պետն է, ում անմիջական պարտականությունները սահմանափակվում էին իր ոսկերչական գործունեությամբ։

Իսկ միջմարզային և ներմարզային երթուղիները «կանոնակարգվում» էին ավտոկայարանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վահան Մարտիրոսյանն ավտոկայարանի պետին հորդորեց. «Միջմարզային երթուղիները պետք է ուղևորվեն ավտոկայարանից»։

Նախարարի ուշադրությունը գրավեց նաև ավտոկայարանի տարածքում գործող մթերային խանութը։

Կայարանի պետը մանրամասնեց՝ այս տարածքն էլ վարձակալությամբ է տրված:

Արտաշատում իրավիճակը քիչ այլ էր։ Այստեղ շենք ու դրանից բխող հարմարություններ չկան։ Ավտոկայարան ասվածը սառցակալած բաց տարածք է, որտեղ ելումուտ են անում հիմնականում Երևան գնացող և գյուղերը սպասարկող տրանսպորտային միջոցները։ Տարբեր անկյուններում տեղադրված երկու տաղավարները դիսպետչերական կետերն են։ Մեկը կանոնակարգում է միջմարզային, մյուսը՝ ներմարզային երթուղիները։

«Լիգա» ընկերության շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը մոտեցավ նախարարին, նշեց, որ իրենց ընկերությունը միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում միկրոավտոբուսներով։ Նրա խոսքով՝ խնդիրներ չունեն.

«Չեմ կարող ասել, թե սպասարկումը գերազանց է, բայց, ըստ չվացուցակի, նորմալ աշխատում ենք»։

Նախարարի դիտողությանն ի պատասխան, որ լինում են դեպքեր, երբ մեքենաների սրահները չեն տաքացվում, բաժնի պետը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվել, բոլոր մեքենաներում լրացուցիչ տաքացուցիչներ են ավելացվել։

«Հիմա, կարծում եմ, բողոքներ չկան։ Եթե լինեն, ապա անպայման հաշվի կառնենք, նորից կավելացնենք»,- հավաստիացրեց Խ. Կարապետյանը։

Ներմարզային երթուղիները սպասարկող դիսպետչեր Լեռնիկ Հակոբյանը նախարարին տեղեկացրեց, որ ամեն երթուղի իր գրաֆիկն ունի, աշխատում են ըստ գրաֆիկի։ Եղանակով պայմանավորված՝ լինում են որոշակի շեղումներ, բայց աշխատում են, որ ճիշտ ժամին շարժվեն մեքենաները։

Վահան Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց նաև ավտոկայարանի սառցակալած տարածքի վրա։

Արդարացումները հետևեցին մեկը մյուսին, հետո խոստացան, որ անպայման կմաքրվի:

Նախարարը զրուցեց նաև ուղևորների և վարորդի հետ։ Նրանք նշեցին, որ ավտոբուսները ժամանակին են շարժվում և յուրաքանչյուր ավտոբուս՝ կապված ուղևորահոսքի քանակից, օրը 3-4 ուղերթ է կատարում։

Իրավիճակը կարգավորելու համար նախարար Վահան Մարտիրոսյանը «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության տնօրենին հանձնարարեց վերացնել բոլոր թերությունները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչությանը հանձնարարվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում