Սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան կվերածվի Հյուսիսային Կորեայի. Քըլըչդարօղլու

Թուրքիայում գործող քեմալական ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, կուսակցական ժողովում խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, բացասական գնահատականներ է հնչեցրել: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Մեկ անձին այդքան լիազորություններ տալով՝ Թուրքիան տանելու եք արկածախնդրության»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Քըլըչդարօղլուն հատկապես անհանգստություն է հայտնել սահմանադրական նոր փոփոխություններով Սահմանադրական դատարանի 15 անդամից 12-ի՝ նախագահի կողմից նշանակվելու վերաբերյալ, ինչն ի սպառ կվերացնի երկրի դատական համակարգի անկախությունը:

Քըլըչդարօղլուն նշել է նաև, որ նախագահական համակարգի հաստատման պարագայում կկտրվի պատգամավորների և քաղաքացիների միջև եղած կապը, և պատգամավորները «քաղաքացիների պատգամավորից» կվերածվեն «նախագահի պատգամավորի», ինչը մեծ աղետ և հարված կլինի Թուրքիայի՝ առանց այն էլ վտանգված ժողովրդավարությանը:

«Նոր սահմանադրությունը Թուրքիայի առջև ծառացած խնդիրները, ինչպիսիք են ահաբեկչությունը, գործազրկությունը, թուրքական լիրայի արժևորման անհրաժեշտությունը և հարևանների հետ լարված հարաբերությունները, չի կարող լուծել, և Թուրքիան կդառնա Հյուսիսային Կորեայի նման մի երկիր, որտեղ մեկ անձ ասում է, մնացյալ 80 միլիոնը՝ լսում»,- եզրափակել է Քըլըչդարօղլուն:

Թուրքիայի մեջլիսի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների առաջարկը հաստատման համար փետրվարի 3-ին ուղարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:

Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն: Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:

Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում