Կոչ Վրաստանի նախագահին. «Մի՛ սերմանեք ատելություն վրաց ժողովրդի մոտ հայ ժողովրդի նկատմամբ»

«Վրաստանի Հայ Համայնք»- ը ողջունում է պատգամավոր Ռուսլան Պողոսյանի մարտի 6-ին Վրաստանի խորհրդարանում արած հայատարարությունը, որում վերջինս Վրաստանի նախագահին զսպվածության և կոռեկտության կոչ է արել երկրի հայազգի քաղաքացիների և նրանցով բնակեցված Սամցխե-Ջավախքի հետ կապված վերջին շրջանում իր կողմից հաճախակի դարձած հայտարարությունների համար: «Վրաստանի Հայ Համայնք»-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Վրաստանի հիմնական օրենքի՝ Սահմանադրության համաձայն, «Վրաստանի տարածքային պետական կառուցվածքը որոշվում է Սահմանադրության օրենքի լիազորությունների տարանջատման սկզբունքի հիման վրա պետության ամբողջ տարածքում Վրաստանի իրավասության ամբողջական վերականգնումից հետո» («Վրաստանի հանրապետության սահմանադրություն», հոդված 2, կետ 3): Հետևաբար պարզ չէ, թե ինչու է Վրաստանի նախագահը փորձում հասարակության մեջ բացասական վերաբերմունք առաջացնել պետական կառուցվածքի հետ կապված տերմինների նկատմամբ:

Անընդունելի է, երբ երկրի նախագահը որոշ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակների հասնելու համար՝ անտեսելով սահմանադրության հիմնարար դրույթներն ու հիմնվելով իրականությունից կտրված վերացական վախերիվրա, հայտարարություններ և արտահայտություններ է անում, որոնք կարող են իր երկրի քաղաքացիներին իրար դեմ տրամադրել՝ արմատավորելով կեղծ կարծրատիպեր:

Հարկ է նաև նշել, որ 2003-2012թթ. ժամանակահատվածում կառավարությունը կտրականապես հերքում էր երկրի ազգային փոքրամասնությունների բազմաթիվ խնդիրների առկայությունը և հաճախ ինքն էր ստեղծում ու բարդացնումգոյություն ունեցող դժվարություններն ու խնիդրները»:

Աղբյուրը նաև տարածել է «Վրացական երազանք» խմբակցության անդամ Ռուսլան Պողոսյանի մարտի 6-ին Վրաստանի խորհրդարանում արած հայատարարությունը. «Այսօր ես անում եմ հայտարարություն ոչ միայն որպես պատգամավոր, այլև իբրև հայ ազգի ներկայացուցիչ:

Վրաստանի նախագահի բազմաքանակ հայտարարությունները Սամցխե-Ջավախքի՝ Վրաստանից հավանական անջատման մասին սաբոտաժ են հայ և վրաց ժողովրդի հանդեպ: Սահակաշվինին ուզում է ավարտել իր չստացված քաղաքականությունը՝ հակադրելով երկու ազգերին: Սամցխե-Ջավախքը միշտ եղել է և կմնա Վրաստանի հինավուրց անկյուններից մեկը: Գեղեցկագույնս, ոչ միայն իր բնությամբ այլև բնակչությամբ, ովքեր դարերի ընթացքում իբրև եղբայրներ ապրել են այդ հողում: Կոչ եմ անում Վրաստանի նախագահին, մի՛ սերմանեք ատելություն վրաց ժողովրդի մոտ հայ ժողովրդի նկատմամբ: Երկրի նախագահն այդպիսի բան չպետք է անի: Նախագահի առանջնահերթ խնդիրը իր երկրի քաղաքացիների միջև ոչ թե վրեժի և ատելության սերմանումն է, այլ ընդհակառակը՝ նրանց մեջ սերն ու բարությունն արմատավորելը:

Մինչ այս օրը մենք չենք մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն, եթե նա շարունակի այդ մասին խոսել, մեր պատասխանը կլինի շատ ավելի խիստ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում