Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու եւ պետական պաշտոններում իր կողմից ընտրված թեկնածուներին հավանություն տալու ընթացակարգը չափից դուրս ձգձգելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգների ցան ցի իր էջում: 

«Խայտառակություն է, որ իմ վարչակազմի բոլոր անդամները դեռեւս տեղերում չեն, ամենաերկար ձգձգումը մեր երկրի պատմության մեջ: Խոչընդոտնե՜ր դեմոկրատների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահի պաշտոնակալության պահից ավելի քան երկու շաբաթ անց ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն է տվել վարչակազմի ղեկավար պաշտոնների համար Թրամփի կողմից ներկայացված 20 թեկնածուներից սոսկ վեցին:

Ավելի վաղ հաստատվել են պաշտպանության, ներքին անվտանգության, տրանսպորտի, կրթության նախարարների, ինչպես նաեւ պետքարտուղարի եւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի թեկնածությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում