Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքներն ընթանում են մի քանի ուղղություններով

Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի շրջանակներում անցած տարի մեկնարկել են սարքավորումների ներկրման, հենասյուների հիմքերի փորման, բետոնավորման և հենասյուների մոնտաժման աշխատանքները։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի բաժնի պետ Հրայր Հարությունյանի խոսքով, Էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային և անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39-ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան: Ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները: Հայաստան է ներկրվել և պահեստավորվել 384 հենարանի համար LSD-3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաև 13 հենարանների մետաղական կոնստրուկցիաները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի և ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ: Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային և պետական, ինչպես նաև 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր:

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունն է իրանական Սանիր ընկերությունը։ Ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում