Իրանի նախարարն անհրաժեշտ է համարել, որ ՕՊԷՔ-ը շարունակի նավթի արդյունահանման կրճատումը

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ ՕՊԷՔ-ը պետք է քննարկի 2017 թվականի երկրորդ կիսամյակում նավթի արդյունահանման հետագա կրճատման հարցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՕՊԷՔ-ին անհրաժեշտ է երկրորդ կիսամյակում էլ կրճատել արդյունահանվող նավթի քանակը: Այդ հարցը քննարկման ու գնահատման կարիք ունի»,- նրա խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:

Նախարարը նաեւ նշել է, որ ՕՊԷՔ-ի անդամ երկրները, ինչպես եւ կազմակերպության մեջ չմտնող պետությունները, կատարում են ավելի վաղ կնքված համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները, ինչը դրական ազդեցություն է գործում նավթաշուկայի վրա:

ՕՊԷՔ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին պայմանավորվել Է նավթի իր արդյունահանումն օրական 1,2 մլն բարելով՝ մինչեւ 32,5 մլն բարել նվազեցնելու շուրջ: ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրները դեկտեմբերի 10-ին համաձայնեցրել են իրենց արդյունահանումը օրական միագումար 558 հազար բարելով կրճատելը, ընդ որում Ռուսաստանը օրական պետք է կրճատի 300 հազար բարել: Համաձայնագիրը կնքված է 2017 թվականի առաջին կիսամյակի համար՝ երկարացնելու հնարավորությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում