«Գուդվին- Բետ»-ի «Էլ լոտո»-ն գրավել է ամբողջ Հայաստանը. Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին

YN.am-ը գրում է.

«Գուդվին- Բետ» ՍՊԸ-ի ծավալած բացասական գործունեությանն անդրադարձել ենք բազմիցս, սակայն այժմ ցանկանում ենք ներկայացնել մի քանի թվային տվյալներ, որոնք լավագույնս ցուցադրում են իրականությունը: Տվյալները ձեռք բերելու համար մենք դիմել ենք համապատասխան պետական կառույցին:

Ուսումնասիրենք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված տվյալները: Ըստ ներկայացված տվյալների, ամբողջ ՀՀ տարածքում տեղակայված «Էլ լոտո» տերմինալների քանակը կազմում է մոտ 580 հատ, ինչը հսկայական թիվ է` հաշվի առնելով ՀՀ տարածքն ու բնակչության թվաքանակը: Անպայմանորեն պետք է հաշվի առնել, որ այս սարքավորումներից օգտնվելու համար գոյություն չունի ոչ մի տեսակի սահմանափակում՝ ոչ տարիքային, ոչ տարածքային: Սա նշանակում է, որ այս սարքավորումներից կարող են օգտվել նաև անչափահասները: Հետևում է, որ մոտ 600-ի հասնող տերմինալների թիվը նախարարություն ներկայացվածն է միայն, սակայն այն կարող է ավելի մեծ լինել:

Ինչպես հայտնի ՀՀ 29,743 կմ² մակերեսից բնակեցված է միայն 25-28 տոկոսը: Պարզ հաշվարկի արդյունքում ստացվում է 8328.04 կմ²: Այսինքն` միջինում ՀՀ բնակեցված տարածքի յուրաքանչյուր 14.5 կմ²-ում տեղակայված է «Էլ լոտո» խաղային սարքավորում:
Ընդ որում, մեր տվյալների համաձայն, տեղակայված սարքավորումների մեծ մասը գտնվում է ՀՀ մարզերում: Այսպիսով, «Էլ լոտո» արդեն տեղակայված սարքերից մոտ 207-ը գտնվում է մայրաքաղաք Երևանում, իսկ 344-ը՝ մարզերում, ինչպես նաև 15-ը՝ մայրուղիներում: Երևանում առավել մեծ թվով նշված սարքավորումներից տեղադրված են Կենտրոն վարչական շրջանում (64 հատ): Միայն Հյուսիսային պողոտա 6 հասցեում (բազմաբնակարան շենք) տեղակայված է դրանցից 11-ը: Ամենասարսափելին այն է, որ այդ սարքավորումները տեղադրված են նաև որոշ «Երևան սիթի» սուպերմարկետներում: Արաբկիրի, Շենգավիթի, Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջանների սուպերմարկետներում տեղադրված են «Էլ լոտո» սարքավորումներ:
ՀՀ մարզերում առավել մեծ թվով տվյալ տերմինալներից տեղակայված է Գեղարքունիքի մարզում՝ 80 հատ: Ի դեպ, վերոնշյալ Արա և Ալիկ Բանդուրյանները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են: Քանակով հաջորդը՝ Արարատի մարզն է (65 հատ): Այստեղ է գտնվում Հայանիստ գյուղը, որի 40-ամյա բնակիչն էլ ինքնասպան եղավ հենց այդ տերմինալի պատճառով:

Ընդհանուր առմամբ տվյալ սարքավորումները կան տեղադրված տարբեր հաստատություններում՝ առևտրի կենտրոններում, սրճարաններում, տոնավաճառներում և այլն, սակայն, դրանց գերակշիռ մասը տեղակայված է ԱԳԼՃԿ-ներում. 298 հատ սարքավորում:

Նշենք, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացված գրության համաձայն, նախարարությունն արդեն իսկ մշակել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի նշված սարքավորումների շահագործումը կսահմանվի որպես շահումով խաղի կազմակերպում, ինչը կհանդիսանա սահմանափակող միջոց: Այժմ աշխատում է «Վիճակախաղերի կազմակերպման» լիցենզիայով:

Վերոնշյալ բոլոր բացասական ցուցանիշների հետ մեկտեղ «Գուդվին Բետ» ընկերությունը որպես հարկատու ևս գրավիչ չէ: 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընկերությունը 365-րդ է: Վճարած հարկերի ընդհանուր թիվը կազմում է 230 904.5 հազար դրամ: Այսպիսով, հուսանք, որ պետության համար թե բարոյապես, թե ֆինանսապես հետաքրքրություն չներկայացնող այս ընկերությունը կանոնակարգող օրենսդրությունը շուտով կբարելավվի՝ սահմանափակելով ՀՀ քաղաքացիներին սպառնացող վտանգը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում