Հայաստանն Ավստրալիայի և Սիրիայի հետ կկնքի օդային հաղորդակցությունների համաձայնագրեր

Հայաստանի կառավարությունն Ավստրալիայի Միության ու Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների հետ կնքելու է օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր: Համաձայնագրերի նախագծերին հավանություն տալու մասին հարցերն ընդգրկված են կառավարության փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրերն ուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:

Համաձայնագրերի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում լիարժեք կկարգավորվեն նշված երկու պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև համաձայնագրերը կնպաստեն զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Ավստրալիայի կառավարության հետ համաձայնագրի հավելվածներով սահմանվում է յուրաքանչյուր կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործման համար համաձայնեցված հաղորդակցությունների երթուղիների ցանկը, սահմանվում են դրույթներ ոչ կանոնավոր չվերթների վերաբերյալ, կողմերի ավիաընկերություններին տրվում է օդի հինգերորդ ազատության իրավունք և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում