Ամերիկացիների 70 տոկոսը դեմ է Սիրիայից ԱՄՆ փախստականների մուտքի արգելքին. հարցում

ԱՄՆ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի պաշտպանում Սիրիայից երկիր փախստականների մուտքի արգելքը, որը սահմանել է նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Quinnipiac University-ի անցկացրած հարցման արդյունքները:

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա ահաբեկիչների մուտքից երկիրը պաշտպանելու մասին», որն 90 օրով արգելում է յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաեւ 120 օրով կասեցնում է փախստականների ընդունումը եւ անորոշ ժամկետով արգելում փախստականների ընդունումը Սիրիայից: Հրամանագիրը բողոքի ակցիաների եւ իրավաբանական վեճերի պատճառ է դարձել: Սիեթլի ֆեդերալ դատարանը կասեցրել է հրամանագրի գործողությունը, դրա վերաբերյալ որոշում պետք է կայացվի մոտ ժամանակներս: 

Quinnipiac University-ի հետազոտության տվյալներով՝ Սիրիայից փախստականների վերաբերյալ նախագահի որոշմանը դեմ է արտահայտվել հարցվածների 70 տոկոսը, կողմ՝ 26 տոկոսը: 120 օրով փախստականների ընդունումն արգելող երկրորդ հրամանագրին դեմ է արտահայտվել 60 տոկոսը, այն պաշտպանել է 37 տոկոսը:

Սակայն յոթ երկրներից քաղաքացիների մուտքի արգելման հարցում ամերիկացիների կարծիքները գրեթե կիսվել են, որոշմանը դեմ է 51 տոկոսը, այն պաշտպանում է 46 տոկոսը:

Հարցման մասնակիցները գրեթե նույն կերպ են պատասխանել այն հարցին, թե իրենք արդյոք նախագահի հրամանագրերը համարում են «արգելք մուսուլմանների համար» (51 տոկոսն այդպես է կարծում, իսկ 45 տոկոսն այդպես չի կարծում): Ընդ որում հարցվածների 58 տոկոսն այն կարծիքին է, որ իսլամը «խաղաղ կրոն է», իսկ 26 տոկոսը նշում է, որ իսլամը «բռնություն է հրահրում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում