Եվրանեսթի համանախագահը կարևորել է Արցախում խոսքի ազատության պաշտպանվածությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 8-ին Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրանեսթում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար, Եվրանեսթի համանախագահ Ռեբեկա Հարմսի հետ: Քննարկվել են հարցեր՝ կապված Հայաստանում խոսքի ազատության և լրագրողական աշխատանքի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Մանրամասն քննարկվել է նաև լրագրողների և իրավապաշտպանների գործունեությունը Արցախում: Արման Թաթոյանի կողմից հատկապես կարևորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության հարցը միջազգային հանդիպումներին, ինչպես նաև փոխանցվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի զեկույցները ապրիլյան դաժանությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ խոսքի ազատությունը ամենուրեք, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում պետք է պաշտպանված լինի: Կարևորվել է, որ դրանք եվրոպական արժեքներ են և ունեն համընդհանուր նշանակություն: Քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և ԵՄ-ի հետ համագործակցության հարցեր: Ձեռք են բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում