Կնեսետի պատգամավորը Նեթանյահուին հորդորել է միջամտել Լապշինի գործին

Իսրայելի Կնեսետի պատգամավոր Քսենիա Սվետլովան բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագրի համար պատասխանատու է հայտարարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն իր զայրույթն է արտահայտել Լապշինի գործով Իսրայելի իշխանությունների կողմից պահպանվող լռության առնչությամբ:

«Ալեքսանդրը հանցագործ չէ, նա չի գողացել, չի սպանել, չի վտանգել որևէ երկրի անվտանգություն: Նրա հանցանքը Լեռնային Ղարաբաղ այցելել էր»,– նշել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ վեջին երկու ամիսներին ընթացքում Լապշինի ընտանիքի անդամների հետ հետևել է գործի զարգացումներին և քայլեր ձեռնարկել նրան ազատ արձակելու նպատակով, սակայն դրանք դրական արդյունքի չեն հանգեցրել: Նա անընդունելի է համարել այն, որ Իսրայելի քաղաքացին ձերբակալվում է և բանտարկվում է միայն նրա համար, որ կատարել է անմեղ ճանապարհորդություն և գրառում բլոգում:

«Ինձ համար հատկապես անտանելի է մեր երկրի ղեկավար օղակների լռությունը»,- ասել է Սվետլովան` ուշագրավ համարելով այն փաստը, որ Ալեքսանդր Լապշինը Մինսկում ձերբակալվել է նույն օրերին, ինչ Նեթանյահուն այցելել է Բաքու: Բացի այդ, նա հիշեցրել է, որ Իսրայելը միլիարդավոր դոլարներով զենքի առևտուր է անում Ադրբեջանի հետ:

Պատգամավորը հայտնել է, որ երկու շաբաթ առաջ Լապշինի գործով դիմել է Նեթանյահուին, սակայն չի ստացել որևէ պատասխան: «Այսօր ես կրկին կոչ եմ անում վարչապետին և պաշտպանության նախարարին, ովքեր սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ, միջամտել հանուն անմեղ քաղաքացու իրավունքների, քանի դեռ որևէ դժբախտություն տեղի չի ունեցել: Ալեքսանդր Լապշինը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- եզրափակել է Սվետլովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում