ԻՊ հարձակման հետևանքով թուրքական բանակում նոր կորուստներ են գրանցվել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Հարձակման հետևանքով սպանվել է երկու թուրք զինվոր, 15-ը վիրավոր են:

Թուրքիայի զինված ուժերից հայտնել են, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է ԻՊ 58 անդամ: Բացի այդ, թուրքական կողմը հայտնում է, որ էլ-Բաբ շրջանում իրենց վերահսկողության տակ են առնվել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում