ՌԴ ԱԳՆ-ն հնարավոր է համարել Վրաստանի հետ այցագրային ռեժիմի չեղարկումը

Մոսկվայում տրամադրված են Վրաստանի հետ այցագրային ռեժիմի հետագա դյուրացմանը եւ չեն բացառում դրա չեղարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում: 

Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հետ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի՝ նախօրյակին Պրահայում կայացած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կարասինը հաստատել է այցագրային ռեժիմի հետագա դյուրացման տրամադրվածությունը՝ չբացառելով հեռանկարում նաեւ դրա չեղարկումը»:

«Դա, այդ թվում, կախված է տվյալ ուղղությամբ պատասխանատու աշխատանք կատարելու վրացական իշխանությունների պատրաստակամությունից»,-հայտարարել են նախարարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «կողմերը գոհունակությամբ են արձանագրել հումանիտար փոխանակումների եւ մարդկանց միջեւ շփումների աճող ինտենսիվությունը»:

«Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ազատականացման շնորհիվ, որը ռուսական կողմից իրականացվել Է 2015 թվականի վերջին, Թբիլիսիում Ռուսաստանի շահերի սեկցիայի կողմից տրված այցագրերի թվաքանակը կրկնապատկվել եւ հասել 40 հազարի»,-հայտնել են ԱԳՆ-ում:

Նախարարությունում նշել են, որ «կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների փուլային վերականգնման փոխշահավետ քաղաքականությունը շարունակելու մտադրությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում