Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցել է քրգործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայողի սպանության, ժամկետային զինծառայողին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

08.02.2017 թվականին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Մեկ ժամ անց՝ ժամը 12:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Վերջինս տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ։

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում