Էրդողանն այս շաբաթ կստորագրի սահմանադրական փոփոխությունների առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենաուշը փետրվարի 10-ին կամ 11-ին ստորագրելու է մեջլիսի կողմից իրեն ներկայացված սահմանադրական փոփոխությունների առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Նախագահն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կստորագրի առաջարկը, հանրաքվեի ժամկետը կհստակեցվի: Ամենաուշը առաջարկը կստորագրվի ուրբաթ կամ շաբաթ օրը: Հենց այդ ժամանակ էլ պարզ կլինի հանրաքվեի օրը: Այս պահին քննարկում է ապրիլի 9-ը կամ 16-ը»,- հայտարարել է Քալընը:

Թուրքիայի մեջլիսի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների առաջարկը փետրվարի 2-ին հաստատման համար ուղարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Երկրի նախագահը առաջարկը հաստատելու կամ հետ վերադարձնելու համար ունի 15 օր: Հաստատելու դեպքում հանրաքվեի մասին որոշումը կհրապարակվի թուրքական Պաշտոնաթերթում, ապա դրան հաջորդող 60-րդ օրվանից հետո առաջին կիրակի օրը կանցկացվի հանրաքվե: Ակնկալվում է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին կամ 16-ին:

Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում