Ադրբեջանում չկան բնական հիմքեր մանաթի արժևորման համար

Ադրբեջանական մանաթը վերջին շրջանում սկսել է դոլարի նկատմամբ արժևորվել, սակայն Ադրբեջանական փորձագետների կարծիքով` մանաթի արժևորման համար բնական հիմքեր չկան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիևի կարծիքով` մանաթի արժևորումը երկարաժամկետ և կայուն չէ, քանի որ դեպի երկիր դոլարի հոսքի ավելացում, ներմուծման ծավալների կրճատում, արտարժույթային աճուրդում դոլարի առաջարկի կտրուկ ավելացում, ադրբեջանական նավթի գների զգալի աճ և նման երևույթներ, որոնց արդյունքում հնարավոր էր մանաթի արժևորումը, երկրում տեղի չեն ունեցել:

Ադրբեջանում դոլարի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ նավթային պետական հիմնադրամը, արտարժույթային աճուրդում առաջարկվող դոլարի ծավալը ոչ միայն չի ավելացել, այլև պակասել է:

Նախորդ տարի արտարժույթային աճուրդներում կենտրոնական բանկի և նավթային հիմնադրամի կողմից առաջարկվող 50 մլն դոլարի փոխարեն ներկայումս առաջարկվում է 25-ից 35 մլն դոլարի սահմաններում:

Նույնիսկ, եթե պետությունը մինչև 2018-ը պետական գնումներում արգելք սահմանի ներմուծված ապրանքների վրա չի կարող կրճատել ներմուծման ծավալները:

Ադրբեջանի ընդհանուր արտահանումը նվազել է 20 տոկոսով, իսկ ոչ նավթային արտահանումը 28 տոկոսով:

Փորձագետի կանխատեսմամբ` մանաթի արժևորումը պայմանավորված է սպեկուլացիայով: Ադրբեջանական բանկերը սկսել են դոլարի ակտիվ առք ու վաճառքը և վարկավորման սահմանափակ հնարավորություններ ունեցող բանկերը սկսել են վնասները վերականգնել արտարժույթի առքուվաճառքից ստացվող եկամուտների հաշվին:

Պետությունը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պետք է վճարի արտաքին պարտքերը, և դրանց մի մասը պետք է վճարվի նավթային հիմնադրամի կողմից կենտրոնական բանկին փոխանցված միջոցների հաշվին: Ադրբեջանի կառավարությունը ստանձնել է միջազգային բանկի 3 մլրդ դոլար պարտքը վճարել դոլարով, և պարտքի մոտ 1 մլրդ-ը բաժին է ընկել երկրի բյուջեին, իսկ մանաթի արժեզրկումը կդժվարեցնի պարտքերի մարումը:

Նավթային հիմնադրամի կողմից կենտրոնական բանկին հատկացրած 7,5 մլրդ մանաթ «մակրոտնտեսական կայունության» գումարը կարող է նվազեցնել արտարժույթային շուկայում նախորդ տարի ստեղծված լարվածությունը, սակայն այդ բոլոր միջոցները ուղղվելու են շուկայում լարվածություն առաջացնող արտաքին պարտքի մարմանը, ուստի ներկայումս մանաթի գինը պայմանավորված է միայն նավթի գներից: Պետությունը, երբ չկարողանա վերահսկել նավթի գների անկումը, ստիպված է լինելու կրկին արժեզրկել մանաթը:

«Ներկայումս Ադրբեջանում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը և լողացող փոխարժեքի անցնելուց հետո սկսված մանաթի արագընթաց արժեզրկումը ցույց է տվել, որ մանաթն անկայուն է» ավելացրել է փորձագետը:

Ներկայումս Ադրբեջանում մանաթ-դոլար փոխարժեքը 1, 8252 մանաթ է, չնայած այն հանգամանքին, որ փորձագետները Ադրբեջանում դոլար-մանաթ իրական փոխարժեքը համարում են 2 մանաթը:

Ադրբեջանցի մեկ այլ տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն և մի շարք այլ հետազոտողներ ընթացիկ տարում ադրբեջանական մանաթի՝ դոլարի նկատմամբ փոխարժեքը կանխատեսում է 2,20-2,50 մանաթի սահման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում