«Առավոտ». ԱԺ-ից պարզաբանում են՝ ինչու են փակել տեսախցիկները

«Առավոտ»-ը երեկ գրել էր, որ Ազգային ժողովի միջանցքներում տեղադրված տեսախցիկներից երկուսը, որոնք գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի մոտ են ամրացված, ինքնասոսնձվող թղթերով փակված են։ Աժ-ում ասում էին, որ գեներալը փակել է տվել դրանք ավելի շատ «տղայական» մոտեցմամբ՝ պատճառաբանելով, որ ինքը «նկարվող տղա» չէ։

Բայց երեկ ԱԺ հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այդ տեսախցիկները իրենք են փակել։ Նա ասաց, որ տվյալ տեսախցիկները չեն աշխատում, ու այդպես բացատրեց. «Օբյեկտիվները փակել են, որպեսզի անվտանգության աշխատակիցները իմանան, որ չեն աշխատում»։ Մեր հարցին՝ ինչքա՞ն ժամանակ է, որ չեն աշխատում, նա պատասխանեց, որ բավականին ժամանակ է, շուտով կվերականգնեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում