Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել. Fox News

Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն է անցկացրել Թեհրանից արեւելք տեղակայված մեկնարկային հարթակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նույն այդ հարթակից հունվարի վերջին արձակվել էր միջին հեռահարության հրթիռ, որն անցել էր մոտավորապես 600 կիլոմետր:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Պեդեպարտամենտի ներկայացուցիչը, Վաշինգտոնն ուսումնասիրում է Թեհրանի կողմից «երկիր-օդ» դասի հրթիռի արձակման վերաբերյալ հաղորդագրությունները:

«Մենք գիտենք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների մասին, որոնցում ասված է, որ Իրանը «երկիր-օդ» դասի հրթիռ է արձակել: Մենք դրանք ուսումնասիրում ենք, այս պահին ավելին ասել չենք կարող»,- նշել է նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի հուլիսի 20-ի թիվ 2231 բանաձեւը կոչ է անում Իրանին չանցկացնել նման փորձարկումներ: Թեհրանը նմանօրինակ արձակում էր իրականացրել նաեւ անցյալ տարվա հուլիսին:

Փետրվարի 3-ին Վաշինգտոնն ընդլայնել է Թեհրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Սեւ ցուցակում ներառվել են 13 ֆիզիկական անձ եւ 12 ընկերություն: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ սահմանափակումների ընդլայնումը կապված է բալիստիկ հրթիռներ ստեղծելու իրանական ծրագրի, ինչպես նաեւ այն աջակցության հետ, որը Թեհրանը ցուցաբերում է շիաների «Հզբոլլա» լիբանանյան շարժմանը, որին ԱՄՆ-ում ահաբեկչական են համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում