Ալիևը զանգահարել է Լուկաշենկոյին

Պաշտոնական Բաքուն Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան երկու երկրի միջև բարեկամության դրսևորում է համարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը` հայտնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել և հեռախոսազրույց է ունեցել Բելառուս գործընկերոջ` Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել բելառուսական կողմին ու անձամբ Լուկաշենկոյին Լապշինի արտահանձնման համար` նշելով, որ կատարվածը «ադրբեջանա-բելառուսական բարեկամության և ռազմավարական համագործակցության դրսևորում է»:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում