ԱԺ քառօրյա նիստ. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 98 պատգամավոր:

Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Փետրվարի 8-ի նիստում պատգամավորները քննարկել են 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված՝ Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը, որը վերաբերում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցերին: Այնուհետև խորհրդարանը քննարկել է այնուհետեւ քննարկել ՀՀ նախագահի ներկայացրած` 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջեւ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների՝ ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին» համաձայնագիրը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել, իսկ խորհրդարանը քննարկել է ՀՀ Նախագահի ներկայացրած 2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արգենտինայի Հանրապետության կառավարության միջեւ հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված «Զինվորական եւ այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն սահմանում է զինվորական եւ այլ կազմավորումների, նրանց շարժական գույքի, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի՝ երկու կամ ավելի կողմերի տարածքներով և այն պետության տարածքով, որը չի հանդիսանում այս համաձայնագրի մասնակից, փոխադրման պլանավորման եւ հսկողության իրականացման ժամանակ կողմերի համագործակցության կարգը: Սահմանվում է նաեւ նշված փոխադրումների անվտանգության ապահովումը եւ այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում