Միջազգային Կարմիր խաչը դադարեցրել է աշխատանքն Աֆղանստանում

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը դադարեցրել է աշխատանքն Աֆղանստանում իր աշխատակիցների վրա կատարված հարձակումից հետո, որը կազմակերպությունում որակել են «ստոր», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փետրվարի 8-ին Կարմիր մահիկի վեց աշխատակիցներ են զոհվել երկրի հյուսիսում զինված մարդկանց հարձակման հետեւանքով: Եվս երկու աշխատակիցներ անհետ կորել են:

Կարմիր խաչում հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց հումանիտար առաքելությունը, որպեսզի պարզեն, թե ինչ է տեղի ունենում:

Կազմակերպությունում նաեւ հայտարարել են Աֆղանստանում իրենց աշխատակիցների բռնի մահվան դեպքերի «անընդունելի» ավելացման մասին:

Առաջին անհրաժեշտության իրեր փոխադրող Կարմիր խաչի հումանիտար ավտոշարասյունը, որի կազմում եղել են երեք վարորդ ու հինգ աշխատակիցներ, փետրվարի 8-ին հանկարծակի հարձակման է ենթարկվել Ջաուզջանի նահանգում:

Ոստիկանությունում կարծում են, որ հարձակումը կազմակերպվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում