Գաղափարախոսությունը հրաշալի զրահ է սեփական անհաջողությունը ծածկելու համար

Քաղաքականությունը որքան էլ հիմնված լինի գաղափարախոսությունների ու ծրագրերի վրա, այնուամենայնիվ, այն գործողությունների համալիր շարք է, որը պետք է միտված լինի դեպի նպատակների կատարումը: Առանց կոնկրետ նպատակների ու այդ նպատակներին հետամուտ լինելու գործողությունների, զուտ գաղափարների կրումն ու այդ գաղափարներից ելնելով օբյեկտիվ հանգամանքների ու իրավիճակների անտեսումը, նմանատիպ մտածողությամբ առաջնորդվող քաղաքական ուժին որոշ ժամանակ անց կարող է վերածել սոսկ փոքրաթիվ ինտելեկտուալ խմբակի, զրկելով քաղաքական գործընթացներին այս կամ այն չափով միջամտելու հնարավորությունից:

Բնականաբար նման փոքրիկ խմբակը կարող է ժամանակ առ ժամանակ արտահայտել իր կարծիքներն ու տեսակետները, սակայն դա արդեն կախված կլինի բացառապես որևէ լրագրողի քմահաճույքից: Եթե լրագրողը մոռացության մատնի նմանատիպ խմբակը, ապա այդ «քաղաքական ուժը» մոռացության կմատնվի առհասարակ բոլորի, հատկապես հանրության կողմից:

Անշուշտ գաղափարախոսությունը էական նշանակություն ունի քաղաքական ուժի գործունեության համար, բայց ոմանք մոռանում են, որ գաղափարախոսությունները ստեղծված են մարդկանց կողմից, նույն մարդկանց ծառայելու համար, այլ ոչ հակառակը: Իզուր չէ, որ պրագմատիզմի հիմքում, հենց այդ նույն գաղափարները որպես գործիք մարդուն ծառայեցնելու մոտեցումն է, այլ ոչ մարդուն գաղափարախոսությանը ծառայեցնելը: Միայն կրոնական գաղափարներն են կրում դոգմատիկ բնույթ դրանք մոլեռանդորեն ընդունողների համար: Մնացած ամեն ինչ ենթարկվում է դինամիկ զարգացման ու փոփոխման տրամաբանությունը:

Գաղափարախոսությունը սակայն ունի մի կարևոր հանգամանք ևս: Այն հրաշալի զրահ է, սեփական հաջողությունը հիմնավորելու կամ անհաջողությունը ծածկելու համար: Սովորաբար, երբ մարդը հասնում է հաջողության, ապա որքան էլ հաջողության հասնելու ճանապարհին այս կամ այն կերպ շեղված լինի նախնական ծրագրերից ու գաղափարներից, ամեն դեպքում կարող է բերել 100 պատճառ իր գործողություններն արդարացնելու համար: Դա նորմալ է ու տեղավորվում է քաղաքական պատկերացումների շրջանակում:

Նույնն է նաև հակառակ պարագայում: Երբ մարդը կրում է անհաջողություն կամ չի հասնում իր իրական, սակայն քողարկված նպատակին, ապա այդ անհաջողությունից պատվով դուրս գալու համար, նույնպես հղում է կատարում այն նույն ծրագրերին ու գաղափարներին և նույնպես դրանց հիմնավորմամբ բերում է 100 պատճառ, արդարացնելու համար իր անհաջողությունները: Ինչ խոսք, դա էլ է նորմալ  ու քաղաքականապես արդարացված:

Երկու պարագայում էլ սովորաբար հղումները լինում են նույն հենքին, պարզապես տարբեր ձևակերպումներով ու շեշտադրումներով: Հիմնական մոտիվացիան նպատակին հասնելու հաջողություններն ու անհաջողություններն են, քաղաքական գործունեության արդյունքը:

Սակայն շատ տգեղ է, երբ անհաջողություն կրելով, մարդիկ փորձում են ոչ միայն իրենց ձախողումը հիմնավորել գաղափարախոսությամբ, այլև ուղղակի անցնում են նախկին թիմակիցներին անվանարկելուն ու պիտակավորելուն:

Սովորաբար քաղաքական միավորները համակիրների միություն է ու պարզ տրամաբանությունը հուշում է, որ տարբեր քաղաքական հարցերի շուրջ, նրանք ոչ միայն մեծամասամբ ունենում են նույն պատկերացումները, այլև հիմնականում հետապնդում են նույն հավաքական շահը: Առնվազն պոպուլիզմ է ու դեմագոգիա, երբ հայտարարվում է, որ քաղաքական ուժը չի հետապնդում շահեր:

Եթե որևէ անձի մոտեցումները կամ շահերը չեն համընկնում տվյալ հավաքական միավորի մեծամասնության մոտեցումներին կամ շահերին, ապա այդ անձը ունի երկու ճանապարհ: Կամ մնալով փորձի ապացուցել իր մոտեցումների կենսունակությունն ու կարողանա այլոց շահերը համադրել իր շահերին, կամ պարզապես հեռանա, ընդունելով, որ իր հետագա գործունեությունը տվյալ միավորման հետ չստացվեց: Բնականաբար հեռանալը կարող է հիմնավորել գաղափարների, ծրագրերի, մոտեցումների տարբերությամբ:

Սակայն, երբ անձը գաղափարախոսական հիմնավորումներից անցում է կատարում պախարակումների ու նախկին թիմակցների հասցեին ցեխ շպրտելուն, նա գաղափարակրից վերածվում է շարքային աբիժնիկի:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում