Գերագույն դատարանի՝ Թրամփի թեկնածուն քննադատության է ենթարկել նախագահին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի Գերագույն դատարանի անդամի թեկնածու առաջադրված Նիլ Գորսաչը պետության ղեկավարին քննադատել է նրա թվիթների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Խոսքը վերաբերում Twitter-ում Թրամփի այն գրառումներին, որոնցում նա հարձակվում է դատավոր Ջեյմս Ռոբարտի վրա, որն արգելք է դրել սկանդալային ներգաղթային հրամանագրի վրա:

Դատավորի վրա Թրամփի հարձակումները Նիլ Գորսաչը որակել է «բարոյալքող եւ վհատեցնող»:

Ավելի վաղ Թրամփը դատավորին անվանել է «այսպես կոչված դատավոր» եւ ասել, որ ԱՄՆ-ի տարածքում ահաբեկիչների բոլոր հնարավոր գրոհները կլինեն նրա խղճի վրա:

«Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ դատավորը նման վտանգի է ենթարկում մեր երկիրը: Եթե ինչ-որ բան պատահի, մեղադրեք նրան եւ դատական համակարգը»,– գրել է նա Twitter-ում:

Նիլ Գորսաչը Թրամփի կողմից Գերագույն դատարանի անդամ է առաջադրվել փետրվարի 1-ին: Նա դատավոր է Կոլորադոյից, հայտնի է իր պահպանողական հայացքներով: Գորսաչը 49 տարեկան է: Այժմ նա ծառայում է ԱՄՆ-ի տասներորդ օկրուգի Վերաքննիչ դատարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում