Լավրովը Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Նախարարները քննարկել են այն պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք վերաբերում են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին (ՄԳԴՌ) աջակցելուն եւ Աստանայի ու Ժնեւի հարթակներում կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ արդյունավետ բանակցային գործընթացի կազմակերպմանն օժանդակելուն»,-ասված է փետրվարի 9-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նախարարները զրույցի ընթացքում արծարծել են նաեւ ռուս-թուրքական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:

Պաշտոնական Դամասկոսի եւ զինված ընդդիմության պատվիրակությունների միջեւ բանակցություններն Աստանայում անցկացվել են հունվարի 23-24-ին: Ժնեւյան հարթակում միջսիրիական բանակցությունների մեկնարկը պլանավորված է փետրվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում