Ստամբուլում ձերբակալվել են PKK-ականներ

Ստամբուլում տեղի է ունեցել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին բացահայտելուն ուղված լայնածավալ հետախուզական գործողություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը: Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում PKK անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել է 58 մարդ:

Ձերբակալվածների տներում և աշխատավայրերում հայտնաբերվել և առգրավվել են ատրճանակներ, հրացաններ, 100 գրամ կոկաին, կազմակերպչական փաստաթղթեր և այլն:

Ստամբուլի ոստիկանությունը շարունակում է PKK-ականներին բացահայտելու և ձերբակալելու հատուկ գործողությունները:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում