Թուրքիան հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» 253 թիրախ ոչնչացնելու մասին

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.com-ը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ օդային և ցամաքային հարվածներ են հասցվել ԻՊ-ին պատկանող 253 թիրախի: Ոչնչացվել է «Իսլամական պետության» 44 անդամ, իսկ 15-ը` վիրավորվել:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Փետրվարի 9-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր:

«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 62-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում