Ռուսաստանը շարունակում է հետևել Լապշինի ճակատագրին. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հետևել Բելառուսից Ադրբեջան արտահանձնված իր քաղաքացու` Ալեքսանդր Լապշինի ճակատագրին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ հարցը պետք է լուծվի աշխատանքային կարգով: «Իհարկե, ցանկացած հարց, որը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն, մեզ համար առաջնահերթ թեմա է: Ինչպես հայտնել ենք երեկ (փետրվարի 8-ին) ԱԳՆ կողմից տարածած հաղորդագրությունում, մենք կշարունակենք հետևել մեր քաղաքացու ճակատագրին»,- հայտնել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 8-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ հիասթափված Է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: «Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մտադիր ենք այսուհետեւ էլ ան հրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու նպատակով»,- ասվում էր ԱԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում