Սենատորները Թրամփից պահանջել են կոշտ քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ում սենատորների երկկուսակցական խումբը դիմել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարելու կոչով: Իրենց տարածած բաց նամակում օրենսդիրները, մասնավորապես, արտահայտվել են Ուկրաինային մահաբեր պաշտպանական զենք տրամադրելու օգտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնողներ են հանդես եկել հանրապետական Ռոբ Փորթմանը եւ դեմոկրատ Դիք Դուրբինը: Նրանց հետ մեկտեղ նամակն ստորագրել են եւս 11 հանրապետականներ եւ 14 դեմոկրատներ, այսինքն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ամբողջ կազմի մեկ քառորդը:

«Մենք ձեզ խնդրում ենք վարել արդյունքի նպատակամիտված, բայց կոշտ եւ սկզբունքային քաղաքականություն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»,- գրում են օրենսդիրները պետության ղեկավարին: Մասնավորապես, օրենսդիրները հանդես են գալիս «Ռուսաստանի եւ ռուսական կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներկայիս ռեժիմի պահպանման», ինչպես նաեւ «ըստ անհրաժեշտության նոր պատժամիջոցների սահմանման» օգտին:

Այս առաջարկությունները նրանք կապում են Ուկրաինայի իրադրության հետ:

Փետրվարի 8-ին Սենատ է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է հակառուսական պատժամիջոցների չեղարկումն առանց ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ համաձայնեցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում