Ֆրանսիացիների 70 տոկոսը չի ցանկանում պաշտպանել Ֆիյոնի թեկնածությունը

Ֆրանսիացիների 70 տոկոսն անհրաժեշտ է համարում, որ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի երկրի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելուց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են հասարակայնության հարցման հրապարակված արդյունքները, որը FranceInfo պետական ռադիոկայանի պատվերով անցկացրել է Odoxa ծառայությունը: Պատասխանելով հարցարանի հարցերին՝ հարցման մասնակիցները, մասնավորապես, նշել են, որ իրենց մոտ «վատ կարծիք է ստեղծվել Ֆրանսուա Ֆիյոնի մասին»: 

Մեկնաբանելով այս տվյալները՝ ռադիոկայանն ինքն ընդգծել է, որ «ֆրանսիացիները վերջնական դատավճիռ են կայացրել Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ», որի անունն այժմ կապված է կեղծ աշխատատեղեր ստեղծելու եղանակով պետական միջոցների հնարավոր հափշտակման շուրջ աղմկալի սկանդալի հետ: Հատկանշական է, որ հարցումը ցույց է տվել, որ Ֆիյոնի կողմից իր թեկնածությունը հանելու օգտին հանդես է եկել աջ եւ աջ կենտրոնամետ կուսակցությունների կողմնակիցների խմբից հարցվածների 53 տոկոսը:

Էլ ավելի ընդգրկուն է նրանց խումբը, ովքեր համոզիչ չեն համարում իր անմեղության վերաբերյալ Ֆիյոնի բերած փաստարկները. ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում Է ֆրանսիացիների 79 տոկոսին եւ աջերի կողմնակիցների 61 տոկոսին: Հարցվածների միայն 25 տոկոսը «լավ կարծք» ունի Ֆրանսուա Ֆիյոնի մասին այն դեպքում, երբ հունվարի 27-ին հրապարակված հարցման տվյալների համաձայն, այդ ցուցանիշը 38 տոկոս էր:

Պատասխանելով այն հարցին, թե ընտրություններում իրենք ում կցանկանային տեսնել որպես աջերի թեկնածու, 50 տոկոսը նշել է Բորդոյի քաղաքագլուխ եւ Ֆրանսիայի նախկին վարչապետ ու արտաքին գործերի նախկին նախարար Ալեն Ժյուպեին: Նա, սակայն, արդեն երկու անգամ հայտարարել է, որ «ոչ մի պարագայում չի առաջադրի իր թեկնածությունը»: Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են «Հանրապետականներ» կուսակցության երկու այլ ներկայացուցիներ՝ նախկին նախարարներ Ֆրանսուա Բարուենը եւ Կսավիե Բերտրանը:

Հարցումն անցկացվել է փետրվարի 8-9-ին, դրան մասնակցել է 1001 մարդ, վիճակագրական անճշտությունը կազմում է 1,4-3,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում