Բան Կի Մունը մտադիր է դասավանդել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտադիր է դասախոսական գործունեությամբ զբաղվել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է նրա օգնականը: 

«Բան Կի Մունը առաջարկություն է ստացել դառնալու Հարվարդի համալսարանի պրոֆեսոր: ՄԱԿ-ի նախկին ղեկավարը դրական է վերաբերվում դրան»,-նշել է Բան Կի Մունի ներկայացուցիչը: Ներկայում Բան Կի Մունը գտնվում է Քենիայում, որտեղ այցելել է իր դստերը, որն այնտեղ աշխատում է ՄԱԿ-ի ներկայացուցչություններից մեկում:

Բան Կի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թողել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո նա ժամանել է Հարավային Կորեա, որտեղ պլանավորում էր ներգրավվել երկրի նախագահի պաշտոնի նախընտրական մրցարշավում: Բայց հետո նա հայտարարեց, որ հրաժարվում է քաղաքական հավակնություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում