Ահաբեկիչները հայտարարել են Սիրիայի հյուսիս – արեւմուտքում նոր ռազմարշավ սկսելու մասին

«Թահրիր աշ Շամ» ծայրահեղական կոալիցիայի ռազմական հրամանատար Հաշեմ աշ Շեյխը փետրվարի 9-ին հայտարարել է Սիրիայի հյուսիս – արեւմուտքում կառավարական բանակի դեմ «նոր ճակատամարտ» սկսելու մասին: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, նա ելույթ է ունեցել տեսաուղերձով, որում կոչ է արել «մոբիլիզացնել բոլոր միջոցներն» այդ ռազմարշավն իրականացնելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Աշ Շեյխն առաջին անգամ է հայտնվել էկրաններին այն բանից հետո, երբ «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին «Ջեբհաթ ան Նուսրա») կազմակերպությունն Իդլիբի նահանգում իր հովանու տակ միավորեց բոլոր արմատական կազմավորումները: Ըստ Al Mayadeen-ի տեղեկատվության՝ «Թահրիր աշ Շամ» նոր կոալիցիայի մեջ մտել են «Նուրեդին ազ Զենգի», «Ջեյշ աս Սուննա», «Ջեբհաթ Անսար ադ Դին» եւ «Լիվա ալ Հաք» բրիգադներից այն զինյալներն, ովքեր հանդես են եկել հրադադարի դեմ: Նրանք բոլորը «դավաճանության» մեջ են մեղադրել զինված ընդդիմության այն խմբավորումներին, որոնք հունվարի 23 – 24-ն Աստանայում մասնակցել են խորհրդաժողովին:

Դամասկոսում ռազմական փորձագետները «Թահրիր աշ Շամ»-ի լույս աշխարհ գալը գնահատել են որպես «Ան Նուսրա» խմբավորման՝ թվով երրորդ վերափոխումը, որը 2013 թվականից համարվում է «Ալ Քաիդայի» սիրիական մասնաճյուղը: Անցյալ տարվա հուլիսին դրա պարագլուխ Աբու Մուհամեդ ալ Ջուլանին նախկին «Ջեբհաթ ան Նուսրա» անվանումը փոխել է «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»-ի եւ հայտարարել «Ալ Քաիդայից» անջատվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում