Մակրոնը մնում է Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը. Elabe

Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը երկրի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների վարկանիշում, իսկ Ֆրանսուա Ֆիյոնը նախկին վարչապետի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին երրորդ հորիզոնականից իջել է 18-րդ տեղը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Elabe ընկերության հարցման տվյալները, որն անցկացվել է Echos թերթի ու Radio Classique ռադիոկայանի համար:

Թերթը նշում է, թե Մակրոնը, որը մտադիր է նախագահական ընտրություններին մասնակցել որպես «Հառաջ» կենտրոնամետ շարժման առաջնորդ, դարձել է քաղաքական գործիչներից միակը, որի գործունեությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների ավելի քան 40 տոկոսը: Հարցվածների ձայների 31 տոկոսով երկրորդ տեղում է սոցիալիստներից հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Բենուա Ամոնը, երրորդ տեղն զբաղեցրել է «Ձախ ճակատի» ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը (35 տոկոս):

Միեւնույն ժամանակ Ֆիյոնի ժողովրդականությունը մեկ ամսվա ընթացքում ընկել Է 13 տոկոսային կետով՝ հասնելով 22 տոկոսի, եւ այժմ նա զիջում է ոչ միայն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենին (28 տոկոս), այլեւ նրա զարմուհուն՝ Մարիոն Մարեշալ-Լե Պենին, որին պաշտպանել է ֆրանսիացիների 24 տոկոսը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, 62-ամյա Ֆիյոնը փետրվարի 6-ին հանգամանալի բացատրություններ է տվել տարբեր գործերի վերաբերյալ, որոնք վերջին երկու շաբաթում հանգեցրին նրա վարկանիշի լուրջ անկման: Դա վերաբերում է նախեւառաջ այն վճարումների չափերի շուրջ ծավալված սկանդալին, որոնք Պենելոպա Ֆիյոնն ստացել է որպես ամուսնու խորհրդարանական կցորդ աշխատելու ընթացքում:

«Այդ ամենն օրինական էր»,-ընդգծել է քաղաքական գործիչը: Միաժամանակ նա ընդունել է, որ ֆրանսիացիները բարոյական նկատառումներով այլեւս չեն ցանկանում հաշտվել պատգամավորների գործունեությանը նրանց ազգականների մասնակցության պրակտիկայի հետ: «Ես սխալ եմ գործել եւ ներողություն եմ խնդրում ֆրանսիացիներից»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում