Իրանը վճռական պատասխան կտա իր հասցեին հնչող բոլոր սպառնալիքներին. Ռոուհանի

Իրանը վճռական պատասխան կտա իր հասցեին հնչող բոլոր սպառնալիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է Թեհրանում կայացած բազմահազարանոց հանրահավաքում, որը նվիրված էր Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձին: 

«Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք վերջերս են իշխանության եկել, մասնավորապես ԱՄՆ-ում, պետք է հստակ գիտենան, որ Իրանի հետ հարկ է խոսել հարգալից տոնով: Նրանք, ովքեր Իսլամական Հանրապետության նկատմամբ կօգտագործեն սպառնալիքների լեզուն, կափսոսան դրա համար: Իրանական ժողովուրդը վճռական պատասխան կտա բոլոր սպառնալիքներին»,-ասել է Իրանի նախագահը՝ ելույթ ունենալով Թեհրանի «Ազադի» հրապարակում:

Նրա ելույթի հիմնական մասը նվիրված էր երկրի տնտեսական ձեռքբերումներին: Ռոուհանին հրապարակել է նավթի ու գազի արդյունահանման ավելացման, ՀՆԱ-ի աճի, ինֆլյացիայի կրճատման, ճանապարհային ու բնակարանային շինարարության տեմպերի արագացման ցուցանիշներ: «Էլեկտրաէներգիայի արտադրությամբ Իրանն առաջին տեղն է գրավել տարածաշրջանում եւ 14-րդ տեղը՝ աշխարհում»,-հատկապես նշել է նա:

Փետրվարի 10-ին Իրանում զանգվածային ցույցեր են անցկացվում 1979 թվականին երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: Հանդիսություններն սկսվել են հունվարի 31-ին: 38 տարի առաջ այդ օրը բազմամյա աքսորից Իրան է վերադարձել հակամիապետական շարժման առաջնորդ այաթոլա Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին: Փետրվարի 10-ին հայտարարվել է շահի ռեժիմի տապալման եւ Իսլամական հեղափոխության հաղթանակի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում