Թուրքիայի վարչապետը հանդիպել է ԿՀՎ տնօրենի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Թուրքիա ժամանած ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Վարչապետ Յըլդըրըմը Չանքայա նստավայրում ԿՀՎ տնօրենի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ շեշտել է գյուլենականների դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության սերտացումն ու Թուրքիայի սպասումները ԱՄՆ կառավարությունից:

Յըլդըրըմը կրկին առաջ է քաշել ԱՄՆ-ում գտնվող «Հիզմեթ հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու և ԱՄՆ-ում գործող գյուլենական կառույցների դեմ պայքար իրականացնելու Թուրքիայի պահանջը:

ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն Թուրքիա է ժամանել փետրվարի 9-ին:

ԿՀՎ ղեկավարը փետրվարի 9-ին հանդիպել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:

Եռակողմ հանդիպման օրակարգում սիրիական հարցից բացի ընդգրկված է եղել նաև Թուրքիայում ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող գյուլենականների հարցը, որոնց առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը գտնվում է ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում