Ասադն անիրատեսական է համարել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու Թրամփի գաղափարը

Սիրիայի կառավարությունը դեմ է երկրի տարածքում այսպես կոչված անվտանգության գոտիների ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Yahoo News լրատվական պորտալում հրապարակված հարցազրույցում: 

«Դա բացարձակապես անիրատեսական գաղափար է»,-ասել է Սիրիայի ղեկավարը՝ պատասխանելով անվտանգության գոտիների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ Սիրիայում ահաբեկչության դեմ իսկական պատերազմն անհնարին է վարել առանց Դամասկոսի հետ համագործակցության: Ասադն ԱՄՆ-ի նոր վարչակազմին խորհուրդ է տվել լրջորեն մոտենալ այդ հարցին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծի փախստականների համար եւ Պետդեպարտամենտին հանձնարարել է պատրաստել համապատասխան ծրագիր:

Մինչդեռ, ԶԼՄ-ների կարծիքով՝ այդ ծրագրի իրագործումը ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից կարող է պահանջել թռիչքազերծ գոտիներ ստեղծել Սիրիայի այդ շրջաններում, ինչը հղի է Ռուսաստանի հետ տարաձայնություններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում