Թուրքիայի վարչապետը պաշտոնապես հայտարարել է սահմանադրական հանրաքվեի անցկացման օրը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հայտարարել է երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

«Երկրի նախագահը հաստատել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը: Հետևաբար` հստակեցվել է նաև հանրաքվեի անցկացման օրը: Այն տեղի կունենա ապրիլի 16-ին»,- հայտարարել է Յըլըդրըմը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին ստորագրել է մեջլիսի կողմից ուղարկված սահմանադրական փոփոխությունների առաջարկը:

Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:

Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:

Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն:Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:

Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում