Հունգարիայում առգրավված ուրարտական շրջանի գտածոները գնահատվում են մինչև 690 հազար ԱՄՆ դոլար

Հունգարիայի ոստիկանությունը հայտնում է, որ 2016 թվականին առգրավված բեռնատարում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանի գտածոների հավաքածուն կարող է արժենալ մինչև 690 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Washington Post-ը:

Բրոնզե գտածոները, որոնց շարքում են սաղավարտ, փոքր զանգեր և ձիու լծասարք, ենթադրաբար հանվել են ուրարտական բարձրաստիճան մի զինվորականի դամբարանից և թվագրվում են Ք.ա. 900 թ.: Լրատվամիջոցը նշում է, որ Ուրարտուն նախկինում կոչվել է նաև Վանի Թագավորություն, որի մի մասը ներկայիս Հայաստանի և Թուրքիայի աշխարհագրական տարածքում է:

2016 թվականի սեպտեմբերի 29-ին Լիտվա գնացող բեռնատարում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 115 իր, այդ թվում՝ հռոմեական 14 ոսկե մետաղադրամ: Հայտնաբերվածներից և ոչ մեկն էլ որևէ թանգարանի կամ մասնավոր հավաքածուի չի պատկանել:

Ոստիկանությունից հայտնել են, որ բեռնատարի վարորդը եղել է 50-ամյա թուրք, ով տեղեկացրել է, որ ինչ-որ մեկը Ստամբուլում իրեն տվել է 300 եվրո գտածոն Լեհաստան տեղափոխելու նպատակով: Իրավապահները պահանջում են նրան պատժել գողացված ապրանքի համար:

Ներկայում առգրավվածը պահվում է Բուդապեշտի Գեղարվեստի թանգարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում