Անկարայի համալսարանի դիմաց ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ակադեմիկոսների նկատմամբ

Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Անկարայի պետական համալսարանից 72 ակադեմիկոսի հեռացնելու փաստի առթիվ համալսարանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:

Բողոքի ակցիային մասնակցել են ինչպես հեռացված ակադեմիկոսները, այնպես էլ համալսարանի ուսանողներ և այլ անձինք: Ոստիկանությունը շրջափակել է համալսարանի շենքը` արգելելով ակադեմիկոսների մուտքը: Կարճ ժամանակ անց հավաքվածների և թուրքական ոստիկանության միջև բախում է սկսվել: 

Ոստիկանները հավաքվածների ցրելու նպատակով նրանց նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, շատերը ծեծի են ենթարկվել: Ձերբակալվել է 11 ցուցարար, որոնց շարքում կան ակադեմիկոսներ:

Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում նախարարների խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն աշխատանքից հեռացվել են 4 հազար 464 պետական աշխատող: Դրանց շարքում ավելի քան 300-ը ակադեմիկոսներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում