Թուրքիայի Չանաքքալե գավառում երկրակեղևի ցնցումները շարունակվում են

Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք գավառում փետրվարի 10-ին, տեղի ժամանակով 11:55-ին նոր երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության (AFAD) տվյալներով` գրանցված նոր երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրակեղևի ցնցումների հետևանքով բնակիչները խուճապի են մատնվել: Նշվում է, որ նոր երկրաշարժն ավերածությունների պատճառ չի դարձել:

Այվաջըք գավառում փետրվարի սկզբից սկսված ցնցումները չեն դադարում: AFAD-ը հրապարակել է տվյալներ այն մասին, որ փետրվարի 6-ից մինչև փետրվարի 8-ի առավոտ Այվաջըքում գրանցվել է 500 երկրաշարժ: Դրանցից ուժեղագույնները եղել են 5.3 և 5.2 բալ ուժգնությամբ: Երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, սակայն վնասվել են մի շարք շենքեր ու շինություններ: Շատ քաղաքացիներ ցնցումների վախից գիշերել են բաց երկնքի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում