«Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր Գարիկ Մարտիրոսյանը ծածանել է Հայաստանի դրոշը, խոսել Թանկյանի, Մխիթարյանի մասին

«Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր Գարիկ Մարտիրոսյանը ծածանել է Հայաստանի դրոշը, խոսել Թանկյանի, Մխիթարյանի մասին

Ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի փետրվարի 10-ի հյուրն էր հայազգի հայտնի շոումեն, «Comedy Club»-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը տաղավար է մուտք գործել աշխարհահռչակ «System of a Down» խմբի «Toxicity» երգի հնչյունների ներքո: Հաղորդման ընթացքում Մարտիրոսյանը պատմել է «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ իրենց զրույցի, Հայաստանը գովազդելու, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին երկրպագելու, Մարտիրոսյանի՝ եթերում չհայտնվելու, կնոջ հետ ճանապարհորդությունների, հանրահայտ դերասան Մեթ Դեյմոնին, երգիչ Սթիվի Ուանդերին հանդիպելու մասին:

Մարտիրոսյանն ընդգծել է, որ ինքն ու հեռուստատեսությամբ երևացող մյուս հայտնի հայերն այս կամ այն ձևով գովազդում են Հայաստանը: «Ցանկանում եմ ասել, որ ես որևէ հատուկ բան չեմ անում Հայաստանը գովազդելու համար: Բայց հուսով եմ, որ մենք մեր արածով օգնում ենք, որպեսզի ուշադրությունը, բառի լավ իմաստով, սևեռվի հայերի, Հայաստանի ուղղությամբ», -նշել է Գարիկը:

Իվան Ուրգանտի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին դիտարկմանը Մարտիրոսյանը պատասխանել է, որ Մխիթարյանն իրավամբ հայ ազգի պարծանքն է, որին իրենք բոլորը ցանկանում են հավասարվել:

Հաղորդման ընթացքում Մարտիրոսյանն ու Ուրգանտը ցուցադրել են նաև իրենց ռեփ կատարելու ունակությունները, իսկ հաղորդումը եզրափակվել է Մարտիրոսյանին՝ Հայաստանի դրոշ նվիրելով: Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ծածանել են Հայաստանի դրոշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում