Հայաստանն ու Լիտվան խորացնում են միջտարածաշրջանային համագործակցությունը

Հայաստանն ու Լիտվան խորացնում են միջտարածաշրջանային համագործակցությունը

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 10-ին այցելել է Լիտվայի Մաժեյկյուի շրջան, որտեղ հանդիպում է ունեցել Մաժեյկյուի քաղաքապետ Անտանաս Տենիսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմա ն ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունը՝ տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, առևտրային և մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ հետամուտ է լինելու, որպեսզի մոտ ապագայում Հայաստանի շրջաններից մեկի և Մաժեյկյուի միջև համագործակցություն հաստատվի։ Զրուցակիցները կարևորել են գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունը քաղաքապետերի և մարզպետերի հնարավոր փոխայցելությունների շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) «Օրենք և արդարություն կուսակցության» և Սեյմասում հայ-լիտվական բարեկամական խմբի անդամ, Մաժեյկյուի շրջանը ներկայացնող պատգամավոր Կեշտուտիս Բարտկյավիչյուսը։

Տեղեկանք։ Մաժեյկյուն գտնվում է Լիտվայի հյուսիս-արևմտյան հատվածում։ Բնակչությամբ՝ 8-րդ քաղաքն է, շուրջ 57 հազար բնակչությամբ։ Մաժեյկյուի տնտեսության կարևորագույն ոլորտներից են սննդարդյունաբերությունը, մետալուրգիան, փայտագործությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում