Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն Արարատի մարզում

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն Արարատի մարզում

Արարատի մարզի Ոստան համայնքի Սուրբ Սարգիս խոնարհված եկեղեցին այսօր լեփ լեցուն էր Էջմիածնից, Երեւանից եւ շրջակա այլ համայնքներից ժամանած հյուրերով, որոնց առաջնորդում էր Տեր Ղազար քահանա Պետրոսյանը: Առաջնորդելով հյուրերին դեպի եկեղեցի՝ տեր հայրն ասաց, որ Արարատյան Հայրապետական թեմում սրբի անունը կրող չորս այսպիսի խոնարհված եկեղեցի կա: Սակայն, քրիստոնեական հավատի համար նահատակված սրբի նկատմամբ ունեցած մեր անսասան հավատն այնքան մեծ է, որ մեզ չեն վախեցնի անգամ այս խարխլված պետերը, օդում ճոճվող եղեգների մրցերը, գերանները եւ ցուրտը:

Արագահաս սրբին եւ երիտասարդներին նվիրված օրհնության տոնը սկսվեց Տերունական աղոթքով: Հոգեւորականները խնդրեցին սրբի բարեխոսությունը հայոց ազգի, երկիր մոլորակի երիտասարդների համար՝ ցանկանալով, որ սիրո բարեխոս արագահաս Սարգիսը միավորի սիրող սրտերը, ստեղծվեն ու ամրանան բազում հայ օջախներ, ծնվեն բազմաթիվ հայ բալիկներ:

Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Պարգեւ Պալգեւորգյանը պատմեց զորավար սրբի, նրա խիզախության, Մարտիրոս որդու եւ 14 նահատակ զինվորների մասին: «Անգամ նրա որդու՝ Մարտիրոսի դաժան սպանությունը պարսիկների կողմից նրան ետ չպահեցին իր ճշմարիտ հավատից: Նա նահատակվեց 33 տարեկանում՝ Հիսուսի տարիքում: Սուրբ զորավար Սարգիսը, նրա մարտիկները եւս զինվորներ էին: Ուստի այս տոնը ոչ միայն սիրող զույգերի տոնն է, այլեւ սահմանին կանգնած զինվորների տոնը»,-ընդգծեց Տեր հայրը՝ նրանց մաղթելով լինել Սարգսի նման զորեղ, քաջակորով, անկոտրուն, եւ ա նխախտ պահել հայրենիքի սահմանները:

Այնուհետեւ, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Ապա, հավատավոր ժողովուրդը մասնակցեց մատաղի արարողությանը: Տեր Ղազար քահանա Պետրոսյանը դրվատանքի խոսքեր ասաց համայնքապետ Հակոբ Խաչատրյանի մասին, ընդգծելով,որ համայնքում ավանդույթ է դարձել 12-րդ դարում կառուցված եւ այժմ խոնարհված եկեղեցում ամեն տարի նշել սիրո բարեխոս, արագահաս սուրբ Սարգսի, ինչպես նաեւ երիտասարդների օրհնության տոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում