Եվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերը գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում

Եվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերը գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում

Եվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերն այս տարվա սկզբի դրությամբ գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում՝ համապատասխանաբար ամսական 235 եվրո եւ 275 եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատ»-ը: 

Մյուս կողմից՝ ամենաբարձր նվազագույն աշխատավարձը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ ամսական գրեթե 2 հազար եվրո, իսկ Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում՝ շուրջ 1,5 հազար եվրո:

2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել է 14 տոկոսով, նշում է «Եվրոստատ»-ը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պարզապես նվազագույն աշխատավարձ հասկացություն չկա:

Ինչպես նշում է Ռումինիայի ռադիոն, ռումինացիներն առավել շատ փող են ծախսում սննդի վրա՝ ամսական աշխատավարձի 28 տոկոսը, ինչը գրեթե եռակի ավելի է միջին եվրոպական մակարդակից: Այդ ցուցանիշով Ռումինիան առաջին տեղն է զբաղեցնում ԵՄ-ում:

Ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վրա ռումինացիները ծախսում են աշխատավարձի 5,7 տոկոսը, ինչը նույնպես գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը, որը կազմում է 4 տոկոս: Այդ առումով վարկանիշը գլխավորում են Էստոնացիները՝ 8,8 տոկոս:

Փոխարենը հագուստի եւ կոշիկի վրա արված ծախսերով Ռումինիան եվրոպական վարկանիշում գրավում է վերջին տեղը՝ ընդամենը 3,4 տոկոս՝ միջին եվրոպական 5 տոկոսի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում