ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին և պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացման ն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարը երկու երկրներն ամփոփում են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում լուրջ ձեռքբերումներով և դրանք երկուստեք լրացնելու պատրաստակամությամբ, ինչի մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը։

«Այսօր Գերմանիան նաև Հայաստանի առաջնային տնտեսական և դոնոր գործընկերներից է, մեր երկրում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցը:

Մեծապես կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր գործակցությունը խարսխվում է ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա վկայությունն էր նաև անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպ անությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Անձամբ ծանոթ լինելով Ձեր պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը՝ համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն կպահպանեն ներկայիս դինամիկան, այլև նոր խթան կստանան՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր և պատասխանատու պաշտոնում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում