Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին

«Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցություններն ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ստորագրեցին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրեցին «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Համաձայնագրի ստորագրումից առաջ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ընդգծեց, որ ապրիլին նոր Սահմանադրության պայմաններում լինելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններ, որը լինելու է միակ համապետական ընտրությունը և իշխանությունը որոշվելու է մեկ ընտրությունների արդյունքներով: Ուստի այս կարևոր գործընթացին չմասնակցելն անթույլատրելի կլինի: «Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը միավորում են ջանքերը նոր որակի իշխանություն ձևավորելու և երկրում արմատական բ արեփոխումներ իրականացնելու համար: Սա միավորում է, որտեղ մեկտեղված են պետական կառավարման փորձը և համատեղ ծրագրեր իրականացնելու տեսլականը»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` համագործակցության առանցքը լինելու են արժանապատիվ քաղաքացին և պետական ու հասարակական շահը: Մարտիրոսյանը նաև հայտարարեց, որ համաձայնագիրը բաց է լինելու համագործակցել ցանկացող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների համար:

«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ իրեն, Սեյրան Օհանյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին շատ բան է միավորում և անցյալում, և այսօր: «Մենք եղել ենք Արցախի և Հայաստանի պետականության ստեղծման ակունքներում: Սեյրան Օհանյանը եղել է ռազմական ճակատում, ես և Րաֆֆի Հովհաննիսյանը` դիվանագիտական: Այս ընթացքում էլ մեր ներդրումն ենք ունեցել մեր պետականության կայացման գործում: Մենք մեծ հույսերով և իղձերով ենք մտնում այս պայքարի մեջ, որ կարողանանք ստեղծել մեր ապագա սերունդների համար հանգիստ, անկախ և բարգավաճ մի հանգրվան, որտեղ ողջ հայությունը կարող է գալ և ապրել»,- ասաց Օսկանյանը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց, որ ապրիլյան ընտրությունները շատ կարևոր են, որով ձևավորվելու է ՀՀ ողջ իշխանությունը: Նրա խոսքով` իրենց նպատակը ՀՀ զարգացումն ապահովելն ու անվտանգության մակարդակի բարձրացումն է լինելու: «Ազգային երաշխիքների ձևավորման հիմքում լինելու է մարդը, սահմանում կանգնած զինվորը, գյուղացին, ուսուցիչը, բժիշկը: Հիմքում լինելու է նաև տնտեսության զարգացումը, որի ուղղությամբ մենք ազատականացման միջոցառումներ պետք է ձեռնարկենք: Մենք կարևորում ենք անվտանգության երաշխիքների մակարդակի բարձ րացումը: Երկար տարիներ լինելով հայկական զինուժի ղեկավարության գլխավերևում` ես համապատասխան միջոցառումներ եմ ձեռնարկել զինված ուժերում եղած խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Զգալով այն բոլոր խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն բանակում` մենք եկել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է թիկունք բանակի համար, իսկ բանակի համար թիկունքը մեր երկրի գործունեությունն է բոլոր ոլորտներում, որտեղ զինվորը զգում է բոլոր հնարավորությունները և կարողությունները և կիրառել դրանք առաջնագծում ծառայելու համար»,- ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ իրենք գալիս են աշխատելու և լուծելու եղած բացթողումները քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ ստորագրված համաձայնագրին միացել են նաև «Արդարություն» և Ժողովրդական կուսակցությունները և «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ», «Անկախ դատարաններ» հասարակական կազմակերպությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում