Հայկական սպառողական շուկայում ապրանքների գները մնացել են կայուն. ՏՄՊՊՀ

Հայկական սպառողական շուկայում ապրանքների գները մնացել են կայուն. ՏՄՊՊՀ

Գերիշխող սպառողական ապրանքների շուկայում գնային փոփոխություններ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի սպառողական շուկան շարունակում է մնալ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

«Նախորդ շաբաթվա ամփոփ վերլուծություններով սպառողական շուկայում գերիշխող պահանջարկ ունեցող ապրանքների գները կայուն են, որևէ փոփոխություն հանձնաժողովը չի արձանագրել, որևէ վարչական վարույթ չի ստացվել»,– ասաց Գայանե Սահակյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականի խոսքով` գների նվազման առումով մի փոքր տատանումներ կային բուսական յուղի շուկայում:

Անդրադառնալով դիզելային վառելիքի գների բարձրացման պատճառների բացահայտմանը՝ Գայանե Սահակյանը նշեց, որ հաշվի առնելով շուկայի կարևորությունը՝ հանձնաժողովը կենտրոնացրել է ռեսուրսները՝ պատճառները հնարավորինս արագ պարզելու համար:

«Բենզինի ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Հանձնաժողովն առաջիկա օրերին տնտեսավարողներից, ինչպես նաև համապատասխան պատկան մարմիններից կստանա բենզինի շուկայի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչից հետո կտա իր գնահատականը»,– տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում