ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է բարեփոխել Անվտանգության խորհուրդը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է բարեփոխել Անվտանգության խորհուրդը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հորդորել է բարեփոխել Անվտանգության խորհուրդը եւ միջազգային ֆինանսական հաստատությունները:

«Եթե վերցնենք, օրինակ, ՄԱԿ-ը, ապա այսօր ակներեւ է բացահայտ անվստահությունն Անվտանգության խորհրդի նկատմամբ, այն բանի հստակ ըմբռնումը, որ Անվտանգության խորհուրդն այլեւս չի համապատասխանում այսօրվա աշխարհի տրամաբանությանը, որը տարբերվում է այն աշխարհից, որը գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց այդ խորհուրդը»,-ասել է Գուտերիշը՝ Դուբայում ելույթ ունենալով կառավարման հարցերին նվիրված համաշխարհային գագաթնաժողովում:

Նրա կարծիքով՝ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ չեն կարողանում արդյունավետորեն արձագանքել ժամանակակից խնդիրներին:

«Մենք դժվարությունների ականատեսներն էինք գլոբալ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելիս: Անհրաժեշտ են գլոբալ ինստիտուտների խորը բարեփոխումներ, Անվտանգության խորհրդի, ինչպես նաեւ ֆինանսական ինստիտուտների գործունեության հետ կապված բարեփոխումներ… Բայց բարեփոխումների կարիք ունեն նաեւ մեր աշխատանքի բոլոր ասպեկտները»,-նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Գուտերիշն ընդգծել է, որ եկել է նաեւ զարգացման ոլորտում ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու ժամանակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում