Քաղաքական անհեռատեսություն, թե՞ հերթական ֆարս

Քաղաքական անհեռատեսություն, թե՞ հերթական ֆարս

Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, կամ իր խոսքերով ասած քաղաքական էջի բացումը, սկզբնական շրջանում բավականին տպավորիչ ստացվեց: Ազդարարվեց լայն կոնսոլիդացիայի ձևավորում իր անձի շուրջ:

Մի կողմ թողնելով անձնակենտրոն մոտեցումը՝ խոշոր հաշվով հայաստանյան քաղաքական ներկապնակում դա նորություն չէ, հույս էր արթնանում, որ կստեղծվի քաղաքական լուրջ բևեռ, լուրջ հակակշիռ՝ իշխանություններին մշտապես զգոն պահելու համար: Առհասարակ քաղաքական խոշոր միավորները նպաստում են քաղաքական լճացումների վտանգի չեզոքացմանը և հակառակը՝ որքանով մասնատված է լինում քաղաքական համակարգը, այնքանով էլ դառնում է վերահսկելի, կառավարվող ու դադարում է քաղաքական լուրջ գործոն հանդիսանալուց:

Գագիկ Ծառուկյանը քաղաքական էջի վերաբացման սկզբնական շրջանում հավակնում էր ու իր գործողություններով կարծես հայտ էր ներկայացրել քաղաքական լուրջ բևեռ հանդիսանալու «տիտղոսին»: Հատկանշական է նաև այն, որ այդ «լայն կոնսոլիդացիան» ընդգրկելու էր գաղափարական բազմաբևեռ մի շերտ, իր մեջ ներառելով իրարից միանգամայն տարբեր, նույնիսկ հակադիր գաղափարներ կրող ուժեր: Բազմաբևեռությունն արտահայտվում էր ոչ միայն քաղաքական գաղափարների բազմազանությամբ, այլև նույնիսկ արտաքին քաղաքական մոտեցումների տարբերության առումով:

Ընդ որում, ժամանակին «Հանրապետություն» միավորումից հետո, դա կարծես լինելու էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ հաջորդ խոշոր միավորումը:

Սակայն Հայաստանում միշտ ցանկանում ենք ավելի լավ, բայց ստացվում է ինչպես միշտ: Իդեմս ՌԱԿ-ի ու ՍԴՀԿ-ի՝ կորցնելով երկու ավանդական կուսակցությունների վստահությունը՝ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն հօդս ցնդեցրեց լայն կոնսոլիդացիոն պրոցեսը, այլև խոշոր հաշվով կարծես վերադառնալու է գրեթե այն միակ ուժի վրա հենվելով, որով և հեռացել էր: Այլ խոսքով ասած՝ նրա մուտքը քաղաքականություն լայն դաշինքի բացակայության պայմաններում նրան վերածելու է հերթական կուսակցական ղեկավարի, որը ԲՀԿ-ով մուտք գործելով խորհրդարան, փաստելու է զուտ իր խորհրդարանական շարքային ֆրակցիա հանդիսանալու իրողությունը, առանց որևէ լուրջ ակնկալիքների ու հնարավորության:

Բացի այդ զրկվելով ավանդական կուսակցությունների օժանդակությունից, նա զրկվում է նաև սփյուռքի անմիջական օգնությունից: Գաղտնիք չէ, որ օրինակ ՍԴՀԿ-ն աշխարհասփյուռ կառույց է, որը մի տանիքի տակ է միավորում արտերկրում ապրող մեր բազմահազար հայրենակիցների ու միայն քաղաքական անհեռատեսությունը կարող է նպաստել նմանատիպ հզոր աջակցությունից զրկվելուն:

Ուզում եմ հեռու մնալ այն մտքից, որ Ծառուկյանի ողջ երազանքը, սոսկ մի մանդատ ունենալն էր, կամ ինչ որ մի ֆրակցիայի ղեկավար լինելու ցանկությունը: Եթե դա էր լինելու ողջ պատմության հանգուցալուծումը, ապա դրա համար ոչ հեռանալ էր պետք, ոչ էլ վերադառնալ: Պարզապես պետք էր ժամանակին հրաժարվել ամբիցիաներից, ինչի դրսևորումն էլ տեղի է ունենում այսօր, համախմբման ներուժը ոչնչացնելու համատեքստում:

Սակայն կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը պարզապես չտիրապետելով քաղաքական գործունեության ողջ խորությանը, հերթական անգամ զոհ է գնում ոմանց նեղ անձնական, քաղաքական նպատակներին, ոմանց կուլիսային գործունեությանն ու խարդավանքներին: Իսկ խարդավանքների նպատակը մեկն է՝ փոշիացնել համագործակցության լայն ասպարեզը, փոխարենը պահպանել հնարավորինս մեծ ազդեցություն, թեկուզ ոչ մեծ միավորի վրա:

Սովորաբար իրավաբաններն ասում են, հանցագործին պետք է փնտրել այնտեղ, ում ձեռք էր տալիս այդ հանցագործությունը: Եթե Ծառուկյանը ցանկություն ունի գտնելու այդ խարդավանքների հեղինակներին, ապա կարծում եմ գտնելը դժվար չի լինի, քանի որ լայն կոնսոլիդացիայի փոշիացումը ձեռնտու էր բացառապես ԲՀԿ-ին, որն էլ ներկայումս ստանձնում է միահեծան դերակատարում այժմյան դաշինքում:

Թեպետ ներկայիս դաշինքը արդեն իսկ զավեշտի է վերածվում, որովհետև ըստ էության, Ծառուկյանը այժմ դաշինք է կազմում իր սեփական կուսակցության հետ:

Ներկայումս Գագիկ Ծառուկյանն ունի երկու ճանապարհ՝ կրկին վերսկսել լայն կոնսոլիդացիոն գործընթացը, դրա համար դեռ ժամանակ կա, և իր անձնական վերահսկողությամբ հասցնել ավարտին, կամ խորհրդարան մուտք գործել սոսկ որպես ԲՀԿ ղեկավար:

Առաջին դեպքում նա պահպանում է քաղաքական լուրջ բևեռ դառնալու իրական հնարավորությունը, երկրորդ դեպքում իսպառ կորցնում քաղաքականության վրա ազդեցություն ունենալու գրեթե վերջին շանսը:

Բայց հաշվի առնելով դեպքերի զարգացման ընթացքը, ցավոք պետք է փաստենք, որ առաջին տարբերակը սոսկ մեր բարի ցանկությունն է: Իրականում որևէ լայն կոնսոլիդացիա տեղի չի ունենա, եթե առհասարակ նման նպատակ ի սկզբանե եղել է: 

Հերթական անգամ ստիպված ենք լինելու արձանագրել ողջ քաղաքական ֆարսը, որը մեր քաղաքական համակարգում սպառնում է վերածվել ավանդույթի:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում